Ապրիլի 28-30-ը «Հայաստան» մարզական հասարակական կազմակերպության Նորագավիթի սուսերամարտի օլիմպիական հերթափոխի մասնագիտացված մարզադպրոցում անցկացվել է սուսերամարտի մեծահասակների ՀՀ առաջնությունը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Առաջնությանը մասնակցել են Երևանի, Գյումրու, Վանաձորի և Բյուրեղավանի 100 մարզիկ ու մարզուհի:
Ճկասուսերակիր տղաների մրցապայքարում հաղթող է ճանաչվել Մայքլ Հովհաննիսյանը (Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Գագիկ Հովհաննիսյան), իսկ աղջիկների պայքարում հաղթել է Էմմա Պողոսովան («Քեթրին» սուսերամարտի ակումբ, անձնական մարզիչ՝ Արտաշ Մադոյան):
Խոցասուսերակիր տղաների մրցապայքարում առաջատարը Արամայիս Գաբոյանն էր (Արաբկիրի Ալբերտ Գրիգորյանի անվան օլիմպիական հերթափոխի սուսերամարտի մանկապատանեկան մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Սամվել Գրիգորյան), աղջիկների պայքարում դարձյալ Էմմա Պողոսովան էր («Քեթրին» սուսերամարտի ակումբ, անձնական մարզիչ՝ Արտաշ Մադոյան):
Թրասուսերակիրների մրցապայքարում հաղթել է Արթուր Կարապետյանը (Նորագավիթի սուսերամարտի օլիմպիական հերթափոխի մասնագիտացված մարզադպրոց, անձնական մարզիչ` Անդրանիկ Արազյան):
|